Գրականագիտական բառարան

Խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցներ

Համեմատություն

Համեմատությունը երկու տարբեր երևույթների համեմատությունն  է՝  նրանց որևէ
նմանության հատկանիշի վրա:

Համեմատությունները ձևավորվում են  նման, պես, ինչպես,  ասես, կարծես և այլ բառերի օգնությամբ:

Արևի պես ժպտում ես,
Ամպի նման մշուշվում…
Մերթ բացվում ես վարդի պես
Մերթ լացում ես ցավիս պես

***
Արևի քույրն է Անահիտն ասես...

***
Հայրը ինչպես մռայլ մի ամպ,
Աղջիկն՝ անուշ մի լուսին…

***
Իմ կարոտները անուններ ունեն,
Հասցեներ ունեն իմ կարոտները,
Մեր սարերի պես հառնում են նրանք,
Կանչում են, ինչպես մեր արոտները:

Մակդիր

Մակդիրը այն բառն է կամ բառակապակցությունը, որը գեղարվեստորեն բնորոշում է առարկան կամ երևույթը, արտահայտում է որոշակի վերաբերմունք:

Օրինակ`

Գեղեզիկ, բարձրահասակ, հրաշք աղջիկ

Հրաշք-ը մակդիր է։

Կանաչ դաշտ, ծաղկավետ դաշտ, դալուկ դաշտ

Դալուկ-ը մակդիր է։

Բոլոր մակդիրները որոշիչներ են , բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:


Անձնավորումը այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երևույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում է մարդկային հատկանիշներ: Այսինքն` դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշները` խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…

Օրինակ`

Օրոր էր ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Իրիկվա հովն է հորովել երգում:

Առվակը ծիծաղում էր, սիրտս երգում էր

Փոխաբերություն`

Մի առարկայի կամ երևույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երևույթի անունով:Այն հիմնվում է հատկանիշների նմանության կամ ընդհանրության վրա: Փոխաբերության հիմքում ընկած է համեմատությունը` առանց պես, նման, ասես, կարծես, զերթ բառերի օգտագործման:

Օրինակ`

Քանի ձեռքից եմ վառվել, վառվել ու հուր եմ դարձել:

Ամպ ու լուսին իրար փարված`դուրս են գալիս միասին:

Փոխաբերությունը արտաքին ձևով հիշեցնում է մակդիրներին, բայց շատ շեշտված է փոխաբերական իմաստը:

Չափազանցություն`

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Լայնորեն օգտագործված է էպոսում, հեքիաթներում, լեգենդներում:

Օրինակ`

Կտորները երկինք թռան ու գնում են մինչև էսօր:

Արյունը հոսում էր էն Քռի նման:

Մելիքի զորքը եկավ,  գետի ջուրը խմեց, ջուրը ցամաքեց:

Նվազաբերություն`

Չափազանցության հակառակ երևույթն է և առարկան  ներկայացնում է փոքրացված,, նվազեցված ձևով:

Օրինակ` Աշխարս մեկ փանջարա է:

—————————————————————Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից է, փոքր ծավալի արձակ ստեղծագործություն: Պատմվածքը ևս, ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն, կարող է ունենալ փոխաբերական իմաստ: Պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ կատարվում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով:

Նովելը, ինչպես և պատմվածքը, սակավաթիվ հերոսներ ունեցող փոքրածավալ ստեղծագործություն է: Այն պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ: Նովելը պատմվածքից տարբերվում է անսովոր սյուժեով, սուր բախումով, գործողության արագ զարգացմամբ և անսպասելի, կտրուկ ավարտով: Մանրամասն նկարագրություններ նովելում սովորաբար չեն լինում:

Ստեղծագործության վերնագիրն իր մեջ ամփոփում է ստեղծագործության հիմնական գաղափարը: Այն կարող է արտահայտվել բառի, բառակապակցության կամ նույնիսկ նախադասության միջոցով: Ստեղծագործությունը կարող է վերնագրվել նաև գլխավոր հերոսի անունով, քանի որ նախևառաջ գլավոր հերոսի միջոցով է արտահայտվում ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ստեղծագործության գաղափարը երկի մեջ առաջադրված հարցերին գրողի տված պատասխանն է: Այն պատկերվող իրականության նկատմամբ հեղինակի արտահայտած վերաբերմունքն է, նրա տված գնահատականն ու եզրակացությունը:

Ռիթմ — Ռիթմը   հավասար միավորների կանոնավոր կրկնությունն է: Ռիթմիկ բնույթ ունի սրտի աշխատանքը, բոլոր մեխանիզմները կատարում են ռիթմիկ աշխատանք, ռիթմիկ է մարդու նորմալ քայլվածքը կամ վազքը: Այս բոլոր դեպքերում հավասար ժամանակամիջոցում պարբերաբար կրկնվում են որոշ միանման շարժումներ: Ռիթմը կարևոր դեր է խաղում չափածո ստեղծագործության մեջ: Դրանով է նա հիմնականում տարբերվում արձակ ստեղծագործությունից:

Վանկական ոտանավոր — Բանաստեղծության մեջ ռիթմը գոյանում է նախևառաջ տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ, և ռիթմի վճռական պայմանը վանկերի հավասար քանակն է:

Հանգ — Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նման՝ համահնչուն վերջավորություն:

Օրինակ՝        Հովի շունչ կար ու հովի թև,

Ու լուսին կար խոշոր,

Եկել էր նա՝ հագին թեթև

Հագին բարակ մի շոր:

( թև — թեթև,  խոշոր — շոր)

Անհանգ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր: Ժամանակակից անհանգ չափածոն ստացել է նաև սպիտակ բանաստեղծություն պայմանական անունը:

Ըստ իրականության արտացոլման ձևերի` գրականության և արվեստի մեջ ստեղծագործությունները լինում են ռեալիստականռոմանտիկական և այլն:

Ռեալիստական ստեղծագործություններում կերպարները ներկայացվում են բազմակողմանիորեն` իրենց դրական և բացասական գծերով, իրենց բազմազան, հաճախ հակասական դրսևորումներով:

Ռոմանտիկական ստեղծագործություններում կերպարները, նրանց հարաբերությունները ներկայացվում են իդեալականացված, այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել հեղինակը:

 

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: