Հայոց լեզու, խոսքի մշակույթ

Հիմնական կրթություն. 9-րդ դասարան

2020-2021 ուստարիի

Հայոց լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`

  • սովորողի կողմից մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու,  շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության,  հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը,  այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:

Ուսուցման խնդիրները

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.
  • hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը`

  • ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.
  • ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.
  • դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.
  • քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.
  • հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը`

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

  • տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
  • թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).
  • աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).
  • աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).
  • ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար` Smart Notebook, MS Power Point, նման այլ ծրագրեր

Դասավանդողի, դասարանի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է , նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։

Բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը.
  • իրականացվող ուսումնական նախագծերը.
  • ծրագրով որոշված մեդիափաթեթների հղումներ.
  • անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).
  • դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն.
  • ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
  • դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառարաններ:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողը ստեղծում և վարում է իր ուսումնական բլոգը: Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

  • դասավանդողի բլոգը
  • սովորողի կողմից գործածվող ուսումնական նյութերը
  • սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….

Ուսուցման կազմակերպումը

Ուսուցումը կազմակերպվում է առկա, ինչպես նաև կարող է կազմակերպվել հեռավար -առցանց և առցանց- ընտանեկան ուսուցմամբ:
Հեռավար-առցանց ուսուցման դեպքում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են Teems հարթակում՝ ամբողջական դասարանի կամ սովորողների խմբերի հետ:
Ընտանեկան ուսուցման դեպքում ուսուցիչը դառնում է խորհրդատու: Այս դեպքում ուսուցումը կազմակերպվում է ընտանիքի առաջարկած նախագծերի հիման վրա: Նույնպես օգտագործվում է Teems հարթակը:

Ուսումնական պարապմունքի ծրագիրը ուսուցչի օրագրում տեղադրվում է մինչև պարապմունքը սկսելը: Ծրագրում նշվում են պարապմունքի ուսումնական նյութերը, դասարանում՝ ընդհանուր և տանը՝ լրացուցիչ, սովորողի ընտրությամբ կատարվող առաջադրանքներն ու նախագծերը, առանձին սովորողների ուղղված առաջադրանքներն ու նախագծերը:

  • Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո- և տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:
  • Խոսքի ուսուցումը-յուրացումը անընդհատ աշխատանք է, չի սահմանափակվում մայրենի լեզվի ընդհանուր կամ ընտրությամբ դասընթացի ուսումնական պարապմունքով: Սովորողի խոսքային աշխատանքը համացանցում (նրա հրապարակած նյութերը, կարծիքները) ուսումնական աշխատանք է: Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցի միջոցով` սովորողի-ուսուցչի էլեկտրոնային հասցե, օրացույց-օրագիր, շտեմարան (onedrive, googledrive և այլ), էլեկտրոնային նամակ, ուսուցչի-սովորողի-դասարանի բլոգ, մեդիագրադարան, կայք, սոցիալական ցանց:
  • Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը  բավարարում է հետևյալ պայմաններին.
    — մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
    — համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
    — նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։
  • Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից  բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
    — կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    — լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    — որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
    — մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
    Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի ուսումնական աշխատանքըՍովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
  • նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական,  մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,
  • Վիքիդարանում և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների ներմուծումը,
  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում օտարալեզու (ռուսերեն, անգլերեն) հոդվածների թարգմանությունը,
  • հետաքրիր, ուսումնական այլ նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,
  • ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման, թեորեմի ապացուցման և այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Ուսուցման նյութը
Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ:
Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Լեզվաբանական խնդիրներ, թարգմանության և խոսքի մշակման աշխատանք, նաև ավարտական քննության նախապատրաստական աշխատանք։

Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն, տնային աշխատանքի նախագծեր)

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

  • սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.
  • վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը
  •  աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,
  • ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.
  • ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Ուսումնական նյութը պետք է.

  • համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ
  • լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.
  • պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)
  • անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Գնահատումը
Գնահատման գործընթացն ունենում է երեք մասնակից՝ սովորող, ծնող, ուսուցիչ։ Գնահատման ձևերից կարևորվում է հատկապես սովորողի ինքնագնահատումը։ Սովորողը գնահատում է իր ամսական կատարողականը՝ դնելով կատարված առաջադրանքների հղումները։ Այս ընթացքում, հղումները տեղադրելիս, սովորողը պարզում է նաև իր չկատարած առաջադրանքների քանակը, որն էլ հնարավորություն է տալիս նրան առավել օբյեկտիվ գնահատել իր աշխատանքը։ Ծնողը, իր երեխային գնահատելիս, նույնպես հենվում է երեխայի արած առաջադրանքների վրա։ Ուսուցիչը գնահատում է կատարած աշխտանքների որակը, ճշգրտությունը, մանրամասնությունը և այլն։ Ուսուցչի գնահատականը , եթե այն տարբերվում է սովորողի, ծնողի գնահատականից, ունենում է բացատրական նկարագրություն։

Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար։ Գնահատականը (խոսքով, թե թվանշանով) պիտի փաստարկված և սովորողին հասկանալի լինի։ Դա պետք է նաև նրա համար, որ սովորողը հետո, ցանկության և հնարավորության դեպքում, կարողանա փոխել գնահատականը։ Հրապարակված շարադրությունները (փոխադրությունները, թարգմանությունները, կարծիքները), տեսա-, աուդիոնյութերը  գնահատվում են նաև խոսքով` արձագանքով, ընդ որում արձագանքում են ընկերները, մայրենիի և այլ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, էլեկտրոնային էջի այցելուներ։
Հետազոտական-ստեղծագործական առաջադրանքների կատարումը գնահատվում է ըստ առաջադրանքի գնահատման կարգի: Այդ աշխատանքի արդյունքները կարող են հրապարակվել նաև էլեկտրոնային ամսագրերում:

Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:  Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։

Կարևորվում է նաև սովորողի մասնակցությու

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: