Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Հատկացուցիչ

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Բացահայտիչ

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

  • Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

  • Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

    Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  

    Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։
  • Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։

    Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց:

  • Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։

    Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
    Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы