Վահան Տերյան

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կսահեն,
Կմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կտեսնեմ.
Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: